
Published on 29/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտու Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում կայացել է ոչ պետական պահպանվող տարածքների ֆինանսավորմանն ու մասնավոր հատվածի ներգրավմանը նվիրված պանելային քննարկում։ Հանդիպմանը բանախոսների կարգավիճակով մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «The Nature Conservancy» (TNC) կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Ֆիթցսայմոնսը և «Sustainable Finance Coalition» (SFC)-ի ղեկավար Քենդիս Սթիվենսը։
Քննարկման առանցքում ոչ պետական պահպանվող տարածքների կայուն զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովման մարտահրավերներն էին։ Բանախոսներն անդրադարձել են այդ տարածքներում առկա ֆինանսավորման բացերը լրացնելու ուղիներին՝ շեշտելով ֆինանսական մեխանիզմներն առավել կանխատեսելի և ճկուն դարձնելու հրամայականը։ Այս համատեքստում կարևորվել է նաև դաշտային մակարդակում՝ անմիջապես տեղում աշխատող բնապահպանական կազմակերպություններին ավելի մեծ ինքնուրույնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ և ճկուն կերպով կառավարել պահպանվող տարածքները։
Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական նախագծերում մասնավոր հատվածի և բիզնեսի ներգրավման գործնական քայլերին։ Մասնակիցները քննարկել են համագործակցության այն մոդելները, որոնք խթանում են բիզնեսի գործուն մասնակցությունը բնության պահպանությանը՝ միաժամանակ կարևորելով տեղական համայնքների ավանդույթներն ու կարիքները հաշվի առնող ներառական լուծումների տեղայնացումը։
Ամփոփելով քննարկումը՝ բանախոսներն ընդգծել են, որ արդյունավետ բնապահպանությունը պահանջում է ոչ միայն հավակնոտ գլոբալ նպատակներ, այլև կայուն ֆինանսական մեխանիզմներ և ամուր գործընկերություն բիզնեսի, հասարակական ոլորտի ու տեղական համայնքների միջև։