Կլիմայական մարտահրավերներին ընդառաջ․ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակության այցը FPWC-ի անտառվերականգնման տարածքներ՝ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» FORACCA ծրագրի շրջանակներում

Published on 17/11/2026

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) օրերս ընդունել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի ֆինանսավորող գործընկերոջ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ և համագործակցության ղեկավար Ուրսուլա Լոյբլին, SDC-ի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչները և դեսպանության Շվեյցարիայի համագործակցության ծրագրի աշխատակիցները։ Այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքների ընթացքին և տեղում դիտարկել անտառվերականգնման դաշտային աշխատանքների արդյունքները։
Այցելության առաջին կանգառը Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրն էր։ Մասնակիցները դիտարկել են նախորդ տարիներին հիմնված անտառվերականգնման տարածքները, որտեղ ներկայացվել են իրականացված տեխնիկական ու խնամքի աշխատանքները, ինչպես նաև ծառերի կպչողականության ու ադապտացիայի բարձր ցուցանիշները։
FPWC-ի մասնագետները ներկայացրել են «Թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept - TPC) կիրառման արդյունքները։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս տեղանքի չորային կլիմայական պայմաններին և հողային առանձնահատկություններին համապատասխանեցված տնկիների աճեցման շնորհիվ ապահովել տեղական վայրի ծառատեսակների 95%-ից բարձր կպչողականություն։
Այնուհետև այցը շարունակվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) Ուրցաձորի ջերմատանը։ Հյուրերին ներկայացվել է տնկիների աճեցման ամբողջական ցիկլը՝ տեղական էնդեմիկ ծառատեսակների (վայրի խնձորենի, տանձենի, հացենի, կաղնի, գիհի) սերմերի հավաքագրումից ու նախապատրաստումից մինչև փակ արմատային համակարգով կենսունակ տնկանյութի ստացումը։
Ջերմատնային պայմաններում ցուցադրվել են տնկիների արմատային համակարգի ձևավորման և դաշտային պայմաններին նախապատրաստման տեխնոլոգիաները, որոնք ապահովում են ծառերի բարձր դիմադրողականությունը կլիմայական փոփոխությունների նկատմամբ։
Այս աշխատանքները հանդիսանում են «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի (2025–2028 թթ․) բաղկացուցիչ մաս։ Ծրագիրը նպատակ ունի խթանել կլիմայակայուն անտառային էկոհամակարգերի վերականգնումը Հայաստանում, հզորացնել տեղական համայնքների դիմակայունությունը և ներդնել անտառավարման գիտահեն միջազգային լավագույն փորձը։
«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և համաֆինանսավորվում Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերներն են նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):