
Published on 19/08/2016
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել արևային վահանակներով սնուցվող էլեկտրական ցանկապատեր։ Ծրագիրը փորձնական է և հաջողելու դեպքում Հայաստանի մյուս արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և ազգային պարկերում նույնպես կտեղադրվեն նման սարքավորումներ։ Էլեկտրական «հովիվները» հոսանքի թույլ լարումով ցանկապատեր են, որոնք կանխում են կենդանիների մուտքը որոշակի տարածք՝ առանց նրանց վնասելու։ «Խոսրովի անտառ»-ում տեղադրվածները նախատեսված են մեղվի փեթակներն՝ արջերից, ձիերին՝ գայլերի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ էլեկտրական ցանկապատերին կից, մշտադիտարկման նպատակով, տեղադրվելու են նաև թակարդ տեսախցիկներ։