Էլեկտրական ցանկապատեր՝ Արենի համայնքին․ դիմակայունության հզորացում և խաղաղ համակեցություն

Published on 16/10/2026

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ, 10 էլեկտրական ցանկապատ է տրամադրել Արենի համայնքի խոցելի տնտեսություններին։ Այս աջակցությունն ուղղված է հատկապես այն մեղվաբույծներին և այգետերերին, որոնք առավել հաճախ են տուժում մարդ-արջ կոնֆլիկտի հետևանքով։

Օժանդակությունն իրականացվում է «Արենի համայնքի դիմակայունության հզորացում և համակեցության խթանում՝ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման և ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակներում։

Համայնքային կառավարում և կոլեկտիվ պաշտպանություն

Տրամադրված էլեկտրական ցանկապատերը կիրառվելու են համատեղ օգտագործման եղանակով․ շահառու տնտեսությունները դրանք կիսելու և օգտագործելու են կոլեկտիվ ձևաչափով՝ իրենց մեղվափեթակները, մրգատու այգիներն ու ապրուստի միջոցները վայրի կենդանիների հասցրած վնասներից արդյունավետորեն պաշտպանելու համար։

Ծրագրի հիմնական նպատակները.

- Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմում. վայրի կենդանիների մուտքի կանխում մշակովի տարածքներ և մեղվանոցներ՝ առանց կենդանիներին վնաս հասցնելու,

- Տնտեսական կորուստների նվազեցում. խոցելի տնտեսությունների վնասների կանխարգելում և տեղական ապրուստի միջոցների պաշտպանություն,

- Խաղաղ համակեցության խթանում. մարդու և վայրի բնության միջև ներդաշնակ կողք կողքի ապրելու մշակույթի ձևավորում՝ համայնքահեն, գործնական բնապահպանական լուծումների միջոցով։

FPWC-ն և Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում են իրենց հետևողական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի համայնքներում կայուն զարգացման ապահովմանը, տեղական դիմակայունության բարձրացմանն ու կենսաբազմազանության պահպանությանը։