Վայրի բնության ապօրինի շահագործման կանխարգելմանն ուղղված հնգօրյա դասընթացն ամփոփվեց

Published on 27/02/2015

Փետրվարի 27-ին ամփոփվեց Վայրի բնության անօրինական շահագործման կանխարգելմանն  ուղղված հնգօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ (IFAW): Վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացի լսարանը կազմում էին հայաստանյան պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են վայրի տեսակների ներկրման և արտահանման գործընթացում: Գործնական և տեսական դասընթացների ժամանակ քննարկվեց վայրի բնության ներկայիս վիճակը, վայրի բնության դեմ կատարվող հանցագործությունները, վաճառքը, ներմուծումն ու արտահանումը կարգավորող  միջազգային  և տեղական օրենսդրությունները: Դասընթացը վարում էին «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ Վիվեկ Մենոնը (Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն), Մարիա Վորոնցովան (Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն), Մոհամեդ Էլսայեդը (Մերձավոր Արևելք տարածաշրջանային տնօրեն) և Չարլզ Մաքեյը (ոլորտի փորձագետ, դասընթացավար): «Հայաստանը բացառիկ երկիր է, որն ակամա դարձել է վայրի բնության ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ պետություն: Վայրի բնության դեմ կատարվող հանցագործությունները  քայքայում են երկրի տնտեսությունը և  մեծացնում համաճարակների վտանգն աշխարհում: Կանխել  վայրի բնության դեմ հանցագործությունները՝ կնշանակի  պահպանել բնական ժառանգությունը, որը կազմված է  յուրահատուկ բույսերից և կենդանիներից. սա է Հայաստանի համար ամենակարևորը», - նշեց Վիվեկ Մենոնը: Դասընթացի նպատակն էր վայրի բնության ապօրինի առք ու վաճառքի կանխարգելմանն ուղղված քայլերին ծանոթացումը, գիտելիքների, տեղեկատվության և հմտությունների վերազինումն ու մասնագիտական վերապատրաստումը: Դասընթացի հիմքում հազվագյուտ կենդանատեսակների և բուսատեսակների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը երկրների միջև կարգավորող կոնվենցիան էր (CITES), որին Հայաստանն անդամակցում է 2009թ. հունվարի 21-ից: Փետրվարի 25-ին Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին  Հայաստանի  բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը շեշտվեց՝ Հայաստանը CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր, ուստի կանխարգելիչ քայլերի ձեռնարկումն անհրաժեշտ է: Փորձագետները հրավիրեցին ՀՀ Բնապահպանության նախարարությանը մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք CITES հերթական համաժողովին:
🐻 Նվիրաբերել և անվանակոչել