
Published on 31/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտում տեղի է ունեցել «Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը տարածաշրջանային համագործակցությամբ․ GBF-ի 5-րդ և 9-րդ թիրախներ» խորագրով հարակից միջոցառումը։ Քննարկմանը բանախոսի կարգավիճակով մասնակցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը, որը ներկայացրել է վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարում «Fauna & Flora» կազմակերպության և պետական մարմինների հետ հիմնադրամի ավելի քան 10 տարվա փորձն ու տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։
Անդրադառնալով բազմամյա աշխատանքին՝ Ծովինար Հովհաննիսյանը նշել է, որ «Fauna & Flora»-ի հետ 2013 թվականից ի վեր իրականացվող համատեղ գործունեությունը, այդ թվում՝ 2015–2016 թվականներին կատարված վայրի բնության առևտրի համապարփակ գնահատումը, կարևոր հիմք են հանդիսացել ոլորտի առանցքային խնդիրներն ու օրենսդրական բացերը վերհանելու համար։ Նրա դիտարկմամբ՝ ապօրինի պահվող արջերի և վայրի կենդանիների փրկության FPWC-ի փորձը փաստում է, որ դաշտային աշխատանքին զուգահեռ անհրաժեշտ է մշտական համագործակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) հետ՝ իրավական դաշտն ու վերահսկողական մեխանիզմներն ամրապնդելու նպատակով։
Ելույթում հատուկ ընդգծվել է նաև անդրսահմանային գործակցության հրամայականը։ 2026 թվականի փետրվարին «Fauna & Flora»-ի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովը, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և միջազգային կառույցներից, վերահաստատել է, որ վայրի բնության ապօրինի առևտուրը չունի պետական սահմաններ։ Այս համատեքստում CITES կոնվենցիայի արդյունավետ կիրառումն ու տարածաշրջանային համագործակցությունն առանցքային են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) 5-րդ և 9-րդ թիրախների իրագործման համար։