
Published on 20/02/2026
Երևանում տեղի է ունեցել «Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը Կովկասում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որը համախմբել էր Հայաստանի և Վրաստանի ոլորտային պատասխանատուներին ու միջազգային փորձագետներին։ Միջոցառման նպատակն էր հզորացնել տարածաշրջանային կարողությունները՝ վայրի կենդանիների և բույսերի անօրինական շրջանառությունը կանխելու ուղղությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ծավալվել են ակտիվ մասնագիտական քննարկումներ հետևյալ ուղղություններով.
- Օրենսդրական կարգավորումներ և մարտահրավերներ. Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրել են վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարի ներպետական մեխանիզմները և առկա խնդիրները:
- Թվայնացում և վերահսկողություն. քննարկվել է շրջակա միջավայրի կառավարման թվային հարթակների և «Մեկ պատուհան» համակարգի ներդրման կարևորությունը՝ գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
- Գլոբալ և տարածաշրջանային դինամիկա. TRAFFIC և Fauna & Flora կազմակերպությունների փորձագետները վերլուծել են վայրի բնության առևտրի համաշխարհային սպառնալիքներն ու կովկասյան տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները:
Միջոցառումը ներառում էր նաև գործնական և ինտերակտիվ բաղադրիչներ.
- Մասնակիցները ներգրավվել են CITES (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) ընթացակարգերի և տեսակների նույնականացման գործնական աշխատանքներում:
- Մշակվել են սահմանային համագործակցության ամրապնդման և ապօրինի առևտրի հայտնաբերման արդյունավետ մեխանիզմներ:
- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կինոլոգիական ծառայության դերին և մաքսային հսկողության վրացական հաջողված փորձի կիրառմանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Fauna & Flora կազմակերպության կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ: