Վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ պայքարն ու կայուն օգտագործումը․ KMGBF-ի իրագործումը

Published on 12/11/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտում տեղի ունեցած հարակից միջոցառմանն իր ելույթում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում վայրի կենդանիների ապօրինի առևտրի մարտահրավերներին և դրանց դեմ պայքարում պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության կարևորությանը։
Անդրադառնալով տարածաշրջանային առանձնահատկություններին՝ Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում որոշակի ռիսկեր է ստեղծում վայրի կենդանիների ապօրինի առևտրի ու տարանցիկ ուղիների ձևավորման տեսանկյունից։ Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակը պահանջում է գործընթացների առավելագույն թափանցիկություն և վերահսկողական մեխանիզմների հետևողական խստացում։
Գործնական քայլերի համատեքստում FPWC-ի տնօրենը ներկայացրել է «Great Bear Rescue» նախաձեռնության արդյունքները, որի շրջանակում 2017 թվականից ի վեր հիմնադրամը փրկել և խնամք է ապահովել 50-ից ավելի արջերի համար։ Միաժամանակ նա շեշտել է, որ խնդրի համակարգային լուծման համար միայն կենդանիներին փրկելը բավարար չէ․ անհրաժեշտ են կայուն ենթակառուցվածքներ և օրենսդրական հստակ մեխանիզմներ։
Այս ուղղությամբ իրականացվող քայլերի շարքում Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է պետական կառույցների հետ արդյունավետ գործակցությունը՝ նշելով, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ՝ կանխարգելելու վայրի կենդանիների ապօրինի պահումն ու առևտուրը և նպաստելու Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) 4-րդ, 5-րդ և 9-րդ թիրախների իրագործմանը։