Հատուկ կարիքներով երեխաների համար Հայաստանում առաջին խաղահրապարակը կկառուցվի հանրային մասնակցությամբ

Published on 01/12/2014

Դեկտեմբերի 3-ին՝ ժ. 14:00, Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կիրականացնեն Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Ճոճանակն այգուն նվիրաբերել են Հայ-բրիտանական գործարար պալատը և Երևանի Ռոտարի ակումբը: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կնշանավորի «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» հանրային քարոզարշավի մեկնարկը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող քարոզարշավի նպատակն է հանրային ֆինանսավորմամբ միջոցների հավաքագրումը Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կառուցելու համար: «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» նախաձեռնությունը շոշափելի քայլ է՝ ուղղված  Հայաստանում գրանցված շուրջ 8000 հատուկ կարիքներով երեխաների հանդեպ պատասխանատվություն ու հարգանք ձևավորելուն: Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցմանը կարելի է աջակցել աշխարհի ցանկացած անկյունից`նախագծին նվիրատվություն անելով Global Giving առցանց հարթակում: Հայաստանում բնակվող հատուկ կարիքներով երեխաներն ու նրանց ընտանիքները հասարակության լուսանցքային հատվածում են՝ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի հետևանքով: UNICEF-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մեկուսացման հիմնական պատճառը մարդկանց «անհաղորդությունն է». շատերի ընկալմամբ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում անհնար է: Խաղահրապարակը սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ կոչված վերացնելու այս երեխաներին մեկուսացման դատապարտող հանրային ընկալման անջրպետները:
🐻 Նվիրաբերել և անվանակոչել