
Published on 31/03/2025
2025 թվականի մարտին Հայաստանը մեկնարկեց բնապահպանական կարևորագույն նախաձեռնություն՝ «Անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն Հայաստանում» (FORACCA) ծրագրի հիմնական փուլը։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող այս հավակնոտ նախագիծը նպատակ ունի վերականգնել Հայաստանի անտառները, բարձրացնել կլիմայական դիմակայունությունը և ստեղծել կայուն տնտեսական հնարավորություններ մինչև 2028 թվականի դեկտեմբեր։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հպարտ է իր առանցքային դերակատարմամբ այս նախագծում՝ իրականացնելով Վայոց ձորի մարզի 230 հեկտար դեգրադացված հողատարածքների վերականգնում։ Կիրառելով նորարարական «Թիրախային տնկման հայեցակարգի» մեթոդաբանությունը՝ FPWC-ն կմշակի տեղական էկոլոգիական պայմաններին հարմարեցված բնիկ ծառատեսակներ։ Անտառվերականգնման այս լայնածավալ ջանքերը կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության հարստացման, էկոհամակարգերի դիմացկունության ամրապնդման և հողօգտագործման կայուն պրակտիկայի խթանման համար։ Հատկանշական է, որ վերականգնվող տարածքները համայնքային հողեր են, որոնք ընդգրկված են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR)՝ Հայաստանի միակ մասնավոր պահպանվող տարածքում, որը կառավարվում է FPWC-ի կողմից՝ ապահովելով պահպանության երկարաժամկետ հաջողությունը։
FPWC-ի հետ համատեղ երեք այլ հեղինակավոր կազմակերպություններ՝ «Շեն» ԲՀԿ-ն, «Իմ անտառ Հայաստանը» և ATP-ն, միավորվել են «Հայաստանի անտառային դաշինքի» մեջ՝ ապահովելով միասնական մոտեցում անտառային լանդշաֆտների վերականգնման հարցում։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր ուրույն ներդրումը. «Շեն» ԲՀԿ-ն զարգացնում է նորարարական ագրոանտառաբուծական համակարգեր ՀՀ հինգ մարզերում, «Իմ անտառ Հայառստանը» իրականացնում է նպատակային անտառապատում, կաթիլային ոռոգման ներդրում և անտառային տրանսֆորմացիա, իսկ ATP-ն առաջնորդում է անտառապատման և արոտավայրերի վերականգնման նախաձեռնությունները՝ համայնքային տնկարանային ծրագրերի միջոցով։
Որպես միջազգային բնապահպանական քաղաքականության քննարկումների ազդեցիկ ձայն՝ FPWC-ի ներգրավվածությունը երաշխավորում է, որ FORACCA նախագիծը կօգտվի գիտական առաջադեմ գիտելիքներից և բնապահպանական համաշխարհային լավագույն փորձից։ FPWC-ի բազմամյա փորձը՝ սկսած վայրի կենդանիների փրկության գործողություններից մինչև էկոզբոսաշրջության և բնապահպանական կրթական ծրագրերի ներդրումը, ընդգծում է նախագծի բազմակողմանի ազդեցությունը։
Հայաստանի անտառային դաշինքը՝ շվեյցարական և միջազգային փորձագետների հետ համատեղ (WSL և FAO), խոստանում է ապահովել տևական օգուտներ Հայաստանի շրջակա միջավայրի և համայնքների համար։
FORACCA նախագիծը շրջադարձային հանձնառություն է էկոլոգիական վերականգնման, կլիմայի հարմարվողականության և կայուն զարգացման ոլորտներում՝ Հայաստանը դնելով առավել դիմակայուն և բնապահպանական առումով ապահով ապագայի ուղու վրա։