COP17-ին ընդառաջ. Վայոց ձորի վերականգնումը Ucom-ի հետ համատեղ

Published on 14/05/2025

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «Արևորդի» ՀԿ-ի և Ucom ընկերության կամավորների հետ համատեղ, մեկնարկել է անտառվերականգնման նոր ծրագիր Վայոց ձորի մարզի Գնիշիկ լեռնային տարածքում: Այս կարևոր նախագիծն ուղղված է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) դեգրադացված լանդշաֆտների վերականգնմանը, որը Հայաստանի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է և Հարավային Կովկասի կենսաբազմազանության առանցքային կենտրոններից մեկը:

 

Անտառվերականգնման այս նախագիծը շատ ավելին է, քան պարզապես ծառատունկը: Այն խորհրդանշում է երկարաժամկետ հանձնառություն՝ ուղղված Հայաստանի անտառային էկոհամակարգերի վերականգնմանը և անհետացման եզրին գտնվող տեսակների համար կայուն կենսամիջավայրերի ստեղծմանը, ներառյալ՝ գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը և հազվագյուտ կովկասյան ընձառյուծը: Այսօր տնկված վայրի տնկիները կծառայեն որպես հողի կայունացման և էրոզիայի դեմ պայքարի միջոց՝ միաժամանակ ապահովելով կենսական սնունդ ապաստարանի բազմազան կենդանական աշխարհի համար:

 

Ներկայիս անտառվերականգնման նախագիծն առանձնակի կարևորություն է ստանում, քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Այս նախաձեռնության միջոցով FPWC-ն ուժեղացնում է իր գործողությունները՝ համախմբելով քաղաքացիներին, մասնավոր գործընկերներին և պետական կառույցներին՝ պաշտպանելու մեր բնական ժառանգությունը գլոբալ այս կարևոր իրադարձությանն ընդառաջ:

 

Ucom ընկերության շարունակական ներգրավվածությունը լավագույնս դրսևորում է, թե ինչպես բիզնեսը կարող է արդյունավետորեն մասնակցել շրջակա միջավայրի պահպանության ջանքերին: Ucom-ի կամավորները, դուրս գալով գրասենյակային միջավայրից և անմիջականորեն մասնակցելով բնապահպանական գործողություններին, շոշափելի էկոլոգիական օգուտներ են ստեղծում Հայաստանի համար:

 

Համայնքային ներգրավվածության և համագործակցության վրա հիմնված այս նախաձեռնությունները ցույց են տալիս կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության սպառնալիքների պայմաններում դիմակայունության բարձրացման և էկոհամակարգերի վերականգնման ուղիները: Յուրաքանչյուր նոր տնկված ծառ քայլ է դեպի կայուն, վայրի և առողջ Հայաստան:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել