
Published on 24/05/2025
Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության գլոբալ նպատակներին թևակոխում է զարգացման նոր փուլ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է իր առանցքային դերակատարումն ունենալ երկրի բնապահպանական ապագայի ձևավորման գործում։ Վերջերս FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը Դիլիջանում միացել են ոլորտի առաջատար փորձագետներին՝ մասնակցելու Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացմանը նվիրված աշխատաժողովին։
Միջոցառումն անցկացվել է GIZ-ի կողմից իրականացվող «Վաղ գործողությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում և կենտրոնացած էր Հայաստանի Կենսաբազմազանության ազգային ռազմավարության վրա. հեռանկարային մի ծրագիր, որի նպատակն է մինչև 2050 թվականը պաշտպանել և վերականգնել երկրի էկոհամակարգերը։
Ռազմավարությունը նախատեսում է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանումը, բնական ռեսուրսների կայուն օգտագործման խթանումը և դեգրադացված էկոհամակարգերի վերականգնումը։ Այն շեշտադրում է էկոհամակարգային կարևոր ծառայությունների ապահովման անհրաժեշտությունը՝ ի նպաստ Հայաստանի բնակչության բարեկեցության։
Այս տեսլականի հիմքում ընկած են հինգ հիմնական ռազմավարական նպատակներ՝ սկսած բույսերի և կենդանիների գենետիկական բազմազանության պահպանումից մինչև իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովումը։
Աշխատաժողովը ոչ միայն ռազմավարական պլանավորման հարթակ էր, այլև գիտելիքների փոխանակման և համագործակցության հզոր միջավայր։ Փորձագետները, բնապահպաններն ու քաղաքականություն մշակողները փոխանակել են նորարարական գաղափարներ և համատեղ մշակել միասնական մեթոդներ՝ Հայաստանի ազգային նպատակներին հասնելու համար։
FPWC-ի համար նման համագործակցություններն անգնահատելի են, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը (COP17): Որպես Հայաստանի առաջատար բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ FPWC-ն հավատարիմ է մնում կլիմայական գործողություններին և կենսաբազմազանության պահպանմանն աջակցելու իր հանձնառությանը՝ կրթության, նորարարության և համայնքահեն լուծումների միջոցով։
Այս մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է FPWC-ի առաքելությունը՝ համակցել բնության պահպանությունը կայուն զարգացման հետ՝ ապահովելով բարգավաճ և կենսաբազմազան Հայաստան ապագա սերունդների համար։