
Published on 17/11/2026
Միջազգային բնապահպանական առաջնորդների, փորձագետների և բնիկ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ը (YCS 2026)։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ կազմակերպված այս կարևորագույն հարթակի բացման արարողությունն առանձնացել է խորհրդանշական ու հոգևոր մթնոլորտով՝ միավորելով բնության պահպանության գլոբալ օրակարգն ու բնիկ ժողովուրդների դարավոր իմաստությունը։
Սիմպոզիումի բացումն ազդարարվել է Անդյան լեռների բնիկ Q’ero համայնքի հոգևոր առաջնորդ Վիլկամարու Կիսպե Ուալպայի անցկացրած Մայր Երկրին (Pachamama) նվիրված ավանդական ծիսակատարությամբ։ Բնիկ ժողովուրդների մշակույթում Pachamama արարողությունը Մայր Երկրին ուղղված դարավոր երախտագիտության աղոթք է, որով հայցվում է ներդաշնակություն, իմաստնություն և օրհնություն՝ մոլորակի և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված բոլոր ջանքերին։
Ավանդական աղոթքին հաջորդել է կակաոյի սրբազան արարողությունը, որը բնիկ ժողովուրդների ընկալմամբ խորհրդանշում է սրտերի բացում, փոխադարձ վստահություն և միասնություն։ Այն միտված է խորը մտադրությունների համախմբմանը՝ նախքան մոլորակի ապագային վերաբերող կարևորագույն գլոբալ որոշումների կայացումն ու մասնագիտական քննարկումների մեկնարկը։
Այս խորհրդանշական մեկնարկը տվել է «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի աշխատանքների հիմնական տոնայնությունը՝ ընդգծելով, որ բնության արդյունավետ պահպանությունն անհնար է առանց բնիկ ժողովուրդների իրավունքների, ավանդական գիտելիքների և բնության հետ ներդաշնակ համակեցության արժեքների ճանաչման։