Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն

Published on 25/06/2026


Հայաստանն աշխարհում ճանաչված է որպես կենսաբազմազանության երկու կարևորագույն «թեժ կետերի»՝ Կովկասյան և Իրանա-Անատոլիական տարածաշրջանների խաչմերուկ։ Այդուհանդերձ, կլիմայի փոփոխությունը, հողօգտագործման փոխակերպումներն ու էկոհամակարգերի մասնատումն այսօր լուրջ վտանգի տակ են դնում այս հարուստ բնական ժառանգությունը։ Ազգային կոմիտեի ստեղծումը, հատկապես COP17-ին ընդառաջ, դառնում է այն ռազմավարական հարթակը, որը կմեկտեղի գիտական ներուժը, քաղաքացիական հասարակությունն ու պետական կառույցները՝ գլոբալ հարթակում Հայաստանի բնության ձայնն առավել լսելի դարձնելու համար։
Միջոցառման ընթացքում հիմնադիր անդամները հանդիսավորությամբ ստորագրեցին կոմիտեի հիմնադիր փաստաթուղթը՝ «IUCN Հայաստանի ազգային կոմիտեի տեսլականն ու առաքելությունը»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր բացման խոսքում նշեց. «Ժամանակակից քաղաքներն առաջինն են զգում կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական ռեսուրսների վրա գործադրվող աճող ճնշման հետևանքները։ Երևանը որդեգրել է հստակ մոտեցում. քաղաքի զարգացումը պետք է հիմնված լինի մարդու և բնության հավասարակշռված ու ներդաշնակ փոխհարաբերությունների վրա։ IUCN Ազգային կոմիտեի հիմնադրումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի բնապահպանական օրակարգն առաջ տանելու և պահպանությանն ուղղված նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար»։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս կարևորեց կոմիտեի ստեղծումը` նշելով. «Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մաս կկազմի ազգային կոմիտեի աշխատանքներին, քանի որ դրա նպատակներն ու գործունեությունը համահունչ են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: COP17-ը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները, ամրապնդելու միջազգային գործընկերությունը և մեր ներդրումն ունենալու կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգում»։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (ECARO)տնօրեն Օլիվեր Ավրամովսկին շեշտեց, որ մեզ միավորում են ընդհանուր նպատակներն ու միասնական առաքելությունը։ «IUCN-ի առաքելությունն է ազդել, խրախուսել և աջակցել աշխարհի հասարակություններին՝ պահպանելու բնությունը և ապահովելու, որ բնական ռեսուրսների ցանկացած օգտագործում լինի արդարացի և էկոլոգիապես կայուն։ Յուրաքանչյուր ոք, ով միանում է IUCN-ին, կիսում է այս առաքելությունը։ Իր անդամների, իսկ այժմ նաև Հայաստանի ազգային կոմիտեի միջոցով այս առաքելությունը կգտնի իր գործնական արտահայտումն ու ազդեցությունը։
Հայաստանն աչքի է ընկնում այս տարածաշրջանում IUCN-ի ամենաակտիվ անդամակցությամբ՝ ոչ միայն անդամների թվով, այլև ներկայացված ձայնի ու մանդատների բազմազանությամբ։ Այս Ազգային կոմիտեի հիմնադրումը տարիների նվիրվածության և համատեղ ջանքերի արդյունք է»,- ասել է Ավրամոսկին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ ընդգծեց. «Այս Ազգային կոմիտեի հիմնադրմամբ մենք ստեղծում ենք մի հարթակ, որտեղ քաղաքացիական հասարակությունը, կառավարությունը, ՀԿ-ներն ու գիտական հաստատությունները կարող են միավորվել մեկ միասնական նպատակի՝ Հայաստանի բնության պահպանության շուրջ։ Ինչն է IUCN-ին Հայաստանի անդամակցությունը դարձնում իրապես եզակի՝ այդ ներկայացվածության լայնությունն է պետական, գիտական, մշակութային, ջատագովության և կրթական ոլորտները հավաքված են մեկ սեղանի շուրջ»։
Ազգային կոմիտեի գործունեության 5 հիմնական ուղղությունները

- Համակարգում և միասնական օրակարգ. պետական մարմինների, ՀԿ-ների և գիտական հաստատությունների միջև բնության պահպանության ընդհանուր օրակարգի ձևավորում։
- Քաղաքականության շուրջ երկխոսություն և խորհրդատվական դեր. համատեղ փորձագիտական գիտելիքների ուղղորդում ազգային օրենսդրության, բնապահպանական ռազմավարությունների և միջազգային հանձնառությունների մեջ։
- Գիտելիքի և փորձի փոխանակում. IUCN գլոբալ ստանդարտների ու գործիքակազմի տեղայնացում և հայաստանյան փորձագետների կապում միջազգային ցանցերի հետ։
- Մասնակցություն IUCN կառավարմանը. հայաստանյան ներկայացուցիչների ակտիվ ներգրավում բնապահպանական համաշխարհային կոնգրեսներում և ծրագրերում։
- Տեսանելիություն և հաղորդակցություն. բնապահպանական մարտահրավերների ու լուծումների վերաբերյալ հանրության, մեդիայի և որոշում կայացնողների իրազեկվածության բարձրացում։

«Տեսլական և առաքելություն» փաստաթուղթը պաշտոնապես ընդունվել և ստորագրվել է հետևյալ կառույցների կողմից

Երևանի քաղաքապետարան. Սիրարփի Հայկազյան, Բնապահպանության վարչության պետ
Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ). Ալեն Գասպարյան-Ամիրխանյան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ. Ալլա Ալեքսանյան, Միջազգային կապերի և գործընկերության համակարգող
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC). Ռուբեն Խաչատրյան, Հիմնադիր տնօրեն
«ԱրԱվես» ՀԿ. Ծովինար Հովհաննիսյան, տնօրեն
«Արևորդի» ՀԿ. Սոնա Քալանթարյան, տնօրեն