Eng.Հայ.Deu.
Սկիզբ > Ծրագրեր > «Արեւորդի» էկո-ակումբների ցանց

«Արեւորդի» էկո-ակումբները

2006 թ-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ամբողջ Հայաստանի տարածքում հիմնեց «Արևորդի» էկոակումբների ցանցը, որի նպատակն էր դաստիարակել հայերի նոր սերունդ, որը կկարողանա և կցանկանա հասկանալ բնապահպանական խնդիրները և գտնել դրանց լուծման եղանակները: Ցանցի հիմքը կազմում են  «Արևորդի» 10 էկոակումբները (մեկական` Հայաստանի յուրաքանչյուր մարզում):
«Արևորդի» էկոակումբներն անկախ հաստատություններ են, որոնք դպրոցի հիմնական պարապմունքներից հետո երեխաներին բնապահպանական կրթության կամընտրական դասընթացներ են առաջարկում: «Արևորդի» էկոակումբներում դասընթացներն անվճար են: Ակումբների անդամները 12-16 տարեկան դեռահասներն են: Ներկայումս բնապահպանական կրթության դասընթացներին մոտ 600 երեխա է մասնակցում:

«Արևորդի» էկոակումբներում կիրառվող մանկավարժական հիմնական «գործիքները» լուսանկարչությունը և ֆիլմերի նկարահանումն են: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետների հսկողության ներքո երեխաները սովորում են լուսանկարել, նկարահանում են վայրի բնությունը և տեղական բնապահպանական խնդիրներին նվիրված իրենց ֆիլմեը: Տեսա- և ֆոտոխցիկի օբյեկտիվի միջով բացահայտելով բնապահպանական խնդիրները և բնության գեղեցկությունը` արևորդիներն ավելի զգայուն են դառնում իրենց շրջապատող աշխարհի հանդեպ: Ավելին, ֆիլմեր նկարահանելով և պարզելով, թե ով, ինչը և ինչու է վտանգում Հայաստանի բնական ժառանգությունը, արևորդիները ոգևորությամբ են ստանձնում իրենց տեղական համայնքում շրջակա միջավայրի բարելավման պատասխանատվությունը` արդյունքում դառնալով իրենց հայրենիքի եզակի կենսաբազմազանության պահպանման ջատագովներ:

Արևորդիների նկարահանած ֆիլմերը ոչ միայն հեռարձակվում են հայկական հեռուստատեսությամբ, այլև ցուցադրվում աշխարհի տարբեր բնապահպանական ֆիլմերի փառատոնների շրջանակում: Նրանց լուսանկարները մասնակցում են ցուցահանդեսների և զանազան ֆոտոմրցույթների:

Արևորդիների ֆիլմերի ստեղծագործական բացառիկ որակն արդեն գրավել է միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի վրա: Այսպես, Ուրցաձորի էկոակումբի սաների կողմից նկարահանված «Լուռ ճիչ» ֆիլմը 2008 թ-ին արժանացել է Գերմանիայի «Կանաչ էկրան» ֆիլմերի փառատոնի առաջին մրցանակին: Գառնի/Գողթ «Արևորդի» էկոակումբի անդամների 2010 թ-ին նկարահանած «Էհա» ֆիլմը հայտնվել է Միացյալ Թագավորությունում անցկացվող «Wildscreen» փառատոնի «Panda Award» հայտնի մրցույթի եզրափակիչ փուլում:

 

«Արեւորդու» ուսումնական ծրագիրը

«Արևորդու» ուսումնական ծրագիրը հիմնվում է ոչ միայն լուսանկարչության և նկարահանման վրա, այլև պարապմունքներ է առաջարկում մի շարք  այլ առարկաներից: Երեխաներին դասավանդվում է բնապահպանական օրենսդրություն, լրագրություն, էկոլոգիա, անգլերեն և համակարգչային հմտություններ: Աշխարհայացքի ամուր հենք ստեղծելու համար նրանք լրացուցիչ դասեր են անցնում հայագիտությունից, իսկ նրանց էսթետիկ և ստեղծագործ հմտությունները զարգանում են արվեստի դասերի ընթացքում:

Ուսումնական ծրագրի նպատակն է դասավանդել բոլոր առարկաները ոչ թե առանձին թեմաներով, այլ որպես ընդհանուր ցանցային համակարգ, որտեղ բոլոր մասերը փոխկապակցված են: Որպես միասնական համակարգ` ուսումնական ծրագիրը փորձում է զարգացնել երեխաների արժանապատվության զգացումը, ընդանրապես բնության, և մասնավորապես իրենց հայրենիքի` Հայաստանի բնական աշխարհի հետ դրական կապ ստեղծելու հնարավորություն տալ: 

Ուսումնական ծրագիրը հիմնված է գործնական փորձի և այդ փորձը երեխաների շրջակա միջավայրում արմատավորելու վրա: Ուսումնական ծրագրի կորիզը այն գաղափարն է, որ յուրաքանչյուր «Արևորդի» էկոակումբում երեխաները ֆիլմ են նկարահանում հենց իրենց համայնքի բնապահպանական որևէ խնդրի մասին: Բացի յուրաքանչյուր առարկայի մասին ընդհանուր համառոտ ներածությունից, բնապահպանական օրենսդրության, էկոլոգիայի, լրագրության և համակարգչային հմտությունների պարապմունքների բուն բովանդակությունը միշտ առնչվում է տեղական այն բնապահպանական խնդրին, որը երեխաները ուսումնասիրում են իրենց ֆիլմում:

Մեթոդաբանական առումով ուսումնական ծրագրում շեշտվում է երեխաների մասնակցությունը ուսումնառության գործընթացին: Նրանք ոչ թե դասավանդման օբյեկտ են, այլ դասվարները օգնությամբ իրենք են կազմում իրենց դասերը: Ուսուցիչները հարցնում են երեխաների կարծիքը, հնարավորություն տալիս նրանց բաց քննարկման միջոցով ներկայացնել իրենց գաղափարները և խնդիրների ընկալման իրենց տեսակետը:
«Արևորդի» էկոակումբների մանկավարժական հիմնական սկզբունքը պատանիների շրջանում ինքնորոշման, քննադատական ընկալման և ժողովրդավարության դաստիարակումն է:

Բնապահպանության թեմայով սեփական ֆիլմ նկարահանելը, ինչպես նաև սեփական նախագծերի մշակումը և իրականացումը ավելացնում են երեխաների գիտելիքները և մարզում նրանց մտավոր ունակությունները: Բացի այդ, դա դրական կերպով է անդրադառնում նրանց` գլոբալացված աշխատուժի շուկայում և ժամանակակից քաղաքացիական հասարակությունում իրենց տեղը գտնելու ապագա հնարավորությունների վրա: Այսպիսով, հուսանք, որ «Արևորդի» էկոակումբների պատանի սաները հետագայում փորձառու մասնագետներ և  պահանջատեր քաղաքացիներ կդառնան, կմասնակցեն ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին և կայուն կերպով կտնօրինեն Հայաստանի բնական ռեսուրսները:

«Արեւորդի» ամառային ճամբարը

2007 թ-ից սկսած ամեն տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երկու շաբաթ տևողությամբ ամառային ճամբար է կազմակերպում «Արևորդի» էկոակումբների ամենաակտիվ անդամների համար: Հայաստանի բոլոր մարզերից 12-16 տարեկան շուրջ 60 երիտասարդներ հավաքվում են բնության մի անկյունում` բնապահպանական տարբեր թեմաներով ինտենսիվ դասընթացների մասնակցելու նպատակով:

«Արևորդի» ամառային ճամբարի ուսումնական ծրագրի ամենակարևոր թեմաներն են.

·         Էկոլոգիա,

·         բնապահպանական օրենսդրություն/համայնքային կառավարման կառուցվածք,

·         բնապահպանական խնդիրների հետանքննության վրա կենտրոնացող լրագրություն,

·         նկարահանումներ,

·         հայագիտություն/հայկական ազգային պար և մշակույթը:

 Այս թեմաներին ծանոթանալուց բացի, արևորդիները բնության գրկում մասնակցում են արշավների, այցելում տարբեր մշակութային վայրեր, թիմային մտածողության ամրապնդմանը նպաստող բնապահպանական խաղեր խաղում: «Արևորդի» ամառային ճամբարի ուսումնական ծրագրի բոլոր թեմաները խիստ փոխկապակցված են: Միասին նրանք գործիք են ծառայում պատանի մասնակիցների` իրենց «բնապահպանական իրավունքների» վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, ապագայում իրենց տեղական համայնքներում այդ իրավունքները արտահայտելու, պահանջելու ու պաշտպանելու համար:

Մեր ծրագրերը